Հնդկաստան …Ըստ Հայկական Հանրագիտարանի 

Հնդկաստանի Հանրապետություն

Հնդկաստանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկական օվկիանոսի ավազանում: Զբաղեցնում է Հնդստան թերակղզին, Անդամանյան ու Նիքոբարյան (Բենգալյան ծոցում) և Լաքադիվյան (Արաբական ծովում) կղզիները: Երկրի տարածքի շուրջ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են: Հնդստան թերակղզու կենտրոնում Դեկանի սարահարթն է, որից հյուսիս Ինդոս-Գանգեսյան դաշտավայրն է: Հյուսիսում վեր են խոյանում երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը՝ Հիմալայներն ու Կարակորումը: Կան քարածխի, նավթի, երկաթի, մանգանի, փայլարի, քրոմի, ցիրկոնիումի պաշարներ:
Հնդկաստանի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոն՝ շոգ և խոնավ (մուսսոնների գերակշռությամբ), համեմատաբար զով և չորային, խիստ շոգ և չորային: Ամռանը (խոնավ սեզոն) թափվում է տարեկան տեղումների 80%-ը: Այստեղ է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը. Չերապունջի բնակավայրի շրջակայքում տարեկան տեղումները հասնում են 12.000 մմ-ի:
Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Գանգեսը, Բրահմապուտրան, Ինդոսը, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
Հարուստ ու բազմազան է բուսական աշխարհը. միմյանց հաջորդում են մշտադալար ջունգլիները, սավաննաները, տերևաթափ անտառները, արևադարձային և մերձարևադարձային խառնանտառներն ու մարգագետինները:
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. կան կապիկներ, եղջերուներ, այծքաղներ, հնդկական փղեր, ռնգեղջյուրներ, վագրեր, հովազներ, հիմալայան արջեր, թռչուններ ու սողուններ: Հնդկաստանում ստեղծվել է շուրջ 50 արգելոց և ազգային պարկ (Շիվպուրի, Բանդիպուր, Տարոբա և այլն):
Հնդկաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս քարի դարում: Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսին և II հազարամյակի 1-ին կեսին Ինդոսի հովտում գոյություն է ունեցել հնագույն հասարակություն, որի կենտրոններից էր Խարապպա քաղաքատեղին: Այն հայտնի էր հզոր կառույցներով, արվեստի հոյակապ նմուշներով և ուներ սեփական պատկերային գիրը:
Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան թափանցեցին արիական ցեղերը, որոնց շնորհիվ ձևավորվեց սանսկրիտը (հին հնդկերենը), և ծագեցին համաշխարհային կրոններից երկուսը՝ հինդուիզմն ու բուդդայականությունը:
Մ. թ. ա. III դարում, Մաուրյաների դինաստիայի օրոք, ստեղծվեց միասնական Հնդկական պետությունը, որի կենտրոնը դարձավ Մագադհա պետությունը: Այն առավել հզորացավ Աշոկա արքայի օրոք:
Պատմիչների վկայությամբ` Աշոկան ծավալել է լայն շինարարական աշխատանքներ: Երկրի բոլոր փայտե պալատների փոխարեն կառուցվել են քարե պալատներ, փորվել ջրանցքներ: I դարում Հնդկաստանը բաժանված էր բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների: IV դարի սկզբին Չանդրա Գուպտա I-ը, նվաճելով հարևան երկրները, Գանգեսի հովտում ստեղծեց Գուպտաների խոշոր պետությունը: Այս ժամանակաշրջանը համարվում է Հնդկաստանի ոսկեդարը և աչքի է ընկնում իր մշակույթով, առաջին հերթին՝ ճարտարապետությամբ:
VIII դարում Հնդկաստան ներխուժեցին արաբները, և երկրում տարածվեց իսլամը: XIII դարում Հյուսիսային Հնդկաստանը բազմիցս ենթարկվել է մոնղոլ նվաճողների հարձակմանը: 1398 թ-ին Դելի ներխուժեց Լենկթեմուրը, իսկ 1526 թ-ին՝ նրա թոռ Բաբուրը, որը, Հյուսիսային Հնդկաստանի և Աֆղանստանի գրաված տարածքները միավորելով, ստեղծեց Մեծ Մողոլների կայսրությունը, որն առավելագույն ծաղկման հասավ Բաբուրի թոռ Աքբարի օրոք (1556–1605 թթ.): Այս ժամանակաշրջանում Եվրոպայից Հնդկաստան եկան առաջին քրիստոնյաները:
Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր: Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան: XVIII դարում անգլիացիները նվաճեցին երկիրը և դարձրին իրենց գաղութը: Անգլիացիների տիրապետությունը տևեց շուրջ 200 տարի: Սակայն, ի վերջո, 1947 թ-ին հնդիկները ծանր պայքարում անկախություն նվաճեցին:
Հնդկաստանն աշխարհի ամենաբազմազգ և բազմալեզու երկիրն է, իսկ բնակչության թվով զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին: Հնդկաստանում ապրում են 85 լեզվով ու բարբառով խոսող մի քանի հարյուր ազգ, ժողովուրդ ու ցեղախումբ: Պետությունը կազմված է 22 նահանգից. յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն (օրինակ` բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն): Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Երկրորդ պետական լեզուն անգլերենն է:
Խոշոր քաղաքներն են Նյու Դելին, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը:
Հնդկաստանը հակադրությունների երկիր է. արդյունաբերության արտադրության ծավալով առաջատար տեղ է գրավում աշխարհում, սակայն մեկ շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով 102-րդն է: Նորագույն տեխնիկայով հագեցած գործարանների կողքին կան փոքր արտադրամասեր, որտեղ դեռևս օգտագործվում է ձեռքի աշխատանքը:
Երկրի տնտեսության ավանդական ճյուղերին զուգընթաց զարգանում են նաև մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, էներգետիկան, քիմիական, տեքստիլ (աշխարհում հայտնի են Քաշմիրի բրդե շալերը), կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերությունը:
Երկրի տարածքի 50 %-ը մշակվում է, ոռոգման դեպքում հնարավոր է տարեկան ստանալ 2–3 բերք: Հացահատիկային մշակաբույսերը կազմում են ցանքատարածությունների 70 %-ը: Մշակում են բրինձ (տալիս է համաշխարհային բերքի 30 %-ը), թեյ, ծխախոտ, եգիպտացորեն, ջուտ, շաքարեղեգ, բամբակենի, համեմունքներ: Հնդկաստանն աշխարհի առաջատար երկիրն է մանգոյի, երկրորդը՝ ադամաթզի արտադրությամբ:
Հին հնդկական քաղաքներում պահպանվել են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները:
Փառահեղ է Ջամին (Մարգարտյա) մզկիթը Նյու Դելիում: Այն ապշեցնում է ոչ միայն ճարտարապետական ձևերով, այլև վիթխարի չափերով. հարակից կառույցներով կարող է տեղավորել մինչև 100 հզ. մարդ:
Հնդիկները երկրպագում են բազմաթիվ աստվածների՝ Բրահմա, Շիվա, Վիշնու և Կրիշնա, աստվածացնում լեռներ, գետեր (Գանգես), բույսեր (լոտոս), կենդանիներ (կապիկ, փիղ, օձ, հատկապես՝ կով):
Հնդկաստանը շախմատի և յոգայի ուսմունքի հայրենիքն է: Այն աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ փիլիսոփայական ու կրոնական դպրոցներով, ազգային յուրահատուկ պարով, երգարվեստով ու կինոյով: Հնդիկներն են մշակել թվերի 10-ական համակարգն ու ներմուծել «0»-ն: Հանրահայտ են աստղագետ Վարահամիհիրան, գրողներ Կալիդասը, Ռաբինդրանաթ Թագորը, Ռեդյարդ Քիփլինգը, պետական գործիչներ Մահաթմա Գանդին, Ջավահառլալ Ներուն, Ինդիրա Գանդին, հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը, կինոռեժիսոր, կինոդերասան Ռաջ Կապուրը, շախմատիստ Վիշվանաթան Անանդը և շատ ուրիշներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: