Կարմայի օրենքը


Դեռ հնագույն ժամանակներում հինդուիստական սրբազան Տեքստերում տրվել է մարդկային կյանքի առավել  բարդ հանելուկների բացահայտման բանալին: Ըստ հին իմաստունների ուսմունքների, մարդուն անմահ Ոգի   է շնորհված, որը սկիզբ է առնում Աստծուց եւ իր մեջ պարունակում է բոլոր աստվածային հատկանիշները սաղմնային վիճակում:

Որպեսզի այդ աստվածային հատկանիշներն արթնանան, որպեսզի մարդն ինքը դրանք լիարժեքորեն զարգացնի,  նրան տրվում է գործունեության դաշտ` երկրային աշխարհը: Զանազան` վշտալի, ուրախ երկրային ապրումների  արդյունքում մարդը հասնում է ինքնաճանաչման, իսկ դրա հետ մեկտեղ էլ սեփական աստվածային ծագման  գիտակցման: Սակայն, որպեսզի մարդն այս ամենը հասկանա, նրան անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ շատ կյանքեր,  մինչեւ որ երկրային փորձը նրան չդարձնի իմաստուն` կատարյալ:

Վերամարմնավորման օրենքի հետ միասին, որը բացատրում է մարդկանց արտաքին եւ ներքին  անհավասարությունը, հին արեւելյան ուսմունքներն աշխարհին տվել են աշխարհը ղեկավարող անխախտ արդարության օրենքի խելացի հիմնավորումը: Այդ օրենքը կրում է Կարմայի օրենք   անվանումը: Այն սահմանում է, որ Ոգու աշխարհում յուրաքանչյուր պատճառ իր հետեւից բերում  է համապատասխան հետեւանք, նույնպիսի ճշտությամբ եւ անխուսափելիությամբ, ինչպես որ ֆիզիկական բնության մեջ միեւնույն երեւույթն ամեն անգամ առաջացնում է նույն հետեւանքը:

Սանսկրիտ լեզվով “կարմա” բառը նշանակում է գործողություն: Լինել եւ գործել` միեւնույնն է. ողջ Տիեզերքը  մեկ հզոր, անդադար Գործունեություն է, որը կառավարվում է Արդարության անխախտ Օրենքով: Մարդու Կարման իրենից ներկայացնում է նրա գործունեության ողջ միագումարը: Այն, ինչ մարդն իրենից ներկայացնում է ներկայում եւ ինչ կներկայացնի իրենից ապագայում, այդ ամենը անցյալում նրա գործունեության հետեւանքն է: Այսպիսով` մարդու մի կյանքը ինչ-որ բանից պոկված եւ ավարտուն բան չէ, այն իրենից ներկայացնում է անցած կյանքերի պտուղները եւ միեւնույն ժամանակ ապագա կյանքերի սերմերը հաջորդական վերամարմնավորումների շղթայում:

Կյանքում ցատկեր չկան, չկան նաեւ պատահականություններ: Ամեն բան ունի իր պատճառը: Յուրաքանչյուր մեր միտքը, յուրաքանչյուր զգացմունքը եւ յուրաքանչյուր արարքը գալիս են անցյալից եւ ազդում ապագայի վրա: Քանի դեռ այդ անցյալն ու ապագան մեզանից թաքցված են, քանի դեռ մենք կյանքին նայում ենք որպես հանելուկի` չկասկածելով, որ այն ինքներս ենք ստեղծել, մեր կյանքի երեւույթները կարծես թե պատահաբար են մեր առջեւ կանգնում չգիտես թե որտեղից:

Չհասկանալով, թե որտեղից են գալիս մեր կյանքի երեւույթները` մենք դրանց “ճակատագիր”, “պատահականություն”, “հրաշք” անուններն ենք տալիս, բայց այս բառերն ընդհանրապես ոչինչ չեն բացատրում:

Միայն այն դեպքում, երբ մարդն իմանա եւ համոզվի, որ այս տիեզերական անփոփոխ օրենքն է ղեկավարում մեր կյանքի դեպքերը, միայն այդ ժամանակ կավարտվի նրա անզորությունը, եւ նա իրոք կդառնա “սեփական ճակատագրի տերը”:
Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք յուրաքանչյուր տվյալ պահին, որոշվում է արդարության խիստ օրենքով եւ երբեք կախված չէ պատահականությունից: “Պատահականությունը” տգիտության կողմից ստեղծված հասկացություն է: Իմաստունի բառապաշարում այս բառը չկա: Իմաստունը կասի. “Եթե ես տառապում եմ այսօր, դա նրանից է, որ անցյալում ես խախտել եմ օրենքը: Ես ինքս եմ մեղավոր իմ տառապանքի համար եւ պետք է հանգիստ այն տանեմ”: Այսպիսին է այն մարդու տրամադրությունը, ով հասկացել է Կարմայի օրենքը:

Չնայած օրենքն անփոփոխ է, սակայն մարդը, գիտակցորեն ուղղորդելով սեփական ներքին կյանքի ուժերը, կարող է հաջողությամբ աշխատել եւ նույնիսկ մեկ կարճ մարմնավորման ընթացքում փոխել իր Կարման:
Մարդկային Կարմայի մասին թեկուզեւ ամենաընդհանուր հասկացությունները հասկանալու համար անհրաժեշտ է նրա բարդ կազմից առանձնացնել ուժերի երեք կարգ, որոնք կառուցում են մարդկային ճակատագիրը:

Մարդու միտքը: Այս ուժը կառուցում է մարդու բնավորությունը: Ինչպիսին նրա մտքերն են, այնպիսին էլ մարդն է:
Մարդու ցանկությունը եւ կամքը: Ցանկությունը եւ կամքը, հանդիսանալով միեւնույն ուժի երկու բեւեռները, միացնում են մարդուն նրա ցանկության առարկայի հետ եւ տանում այնտեղ, որտեղ կարող է նրա ցանկությունը բավարարվել:

Մարդու արարքները: Եթե մարդու արարքները այլ կենդանի էակներին բերում են գոհություն եւ երջանկություն, դրանք նմանատիպ գոհություն ու երջանկություն են առաջացնում նրա մեջ: Իսկ եթե դրանք ուրիշներին ցավ ու տառապանք են բերում, նույնպիսի տառապանք նրան էլ կհասնի` ոչ ավել, ոչ պակաս:

Երբ մարդը լրիվ հասկանա այս երեք բաղկացուցիչ մասերը, որոնցից կազմավորվում է Կարմայի օրենքը, եւ սովորի կիրառել իր գիտելիքը, այդժամ նա կդառնա իր ապագան կերտողը, սեփական ճակատագրի տերը եւ կկարողանա այն կառուցել ըստ իր գիտելիքի եւ կամքի:

Հնդկաստանը ճշմարտության ծարավ է, ճշմարտության հասնելու ձգտում: Այն ճշմարտության, որն ապրում է յուրաքանչյուրի սրտում:

Նաիրա Մկրտչյան

Թողնել մեկնաբանություն